Posted in Մայրենի

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Continue reading “Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին”

Posted in Մայրենի

Սուրբ Նիկողայոս

Սուրբ Նիկողայոս Հայրապետ, ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում Հայկական Գամիրքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում)։ Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո։

Posted in Մայրենի

Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան,

թող որ բացվեն այս գիշեր,

Ու Նոր տարին նոր խնդությամբ

թող ներս մտնի այս գիշեր,

Թե կան դատարկ, համր տներ`

մանկան ճիչով թող լցվեն,

Ով փնտրում է սրտանց մեկին`

հանկարծ գտնի այս գիշեր:

Թե կան լացող, տխուր աչքեր,

թող ծիծաղեն այս գիշեր,

Կանչող ձեռքերն իրար հասնեն,

հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով,

դառնան բարի ու ներող,

Եվ ուրիշի ուրախ կյանքով

խանդավառվեն այս գիշեր:

Թե մոլորված անցորդներ կան,

դարձի թող գան այս գիշեր,

Սրբագործված սիրով մտնեն

իրենց օջախն այս գիշեր,

Թե կան բախտի փշոտ ճամփեք,

թող ծաղկունքով կանաչեն

Ու երջանիկ սպասումով

բոլորն արբեն այս գիշեր…

Թե աշխարհում պանդուխտներ կան,

թող տուն դառնան այս գիշեր,

Հայրենական հավերժությամբ

ողջագուրվեն այս գիշեր:

Continue reading “Նոր տարվա գիշեր”